ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ա, Բ, Գ, Դ թագավորությունների գրքերը

Ա, Բ, Գ, Դ թագավորությունների գրքերը
25.08.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Թողե՛ք հիմարությունը և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեցեք և դուք կփրկվեք, իմացությա՛մբ ուղղեցեք ձեր խոհեմությունը և ճի՛շտ իմաստով հասկացեք խրատը» (Առակ. 9.6)։
Թագավորությունների առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ գրքերը պարունակում են իսրայելական ժողովրդի պատմությունը թագավորների իշխանության ժամանակաշրջանում և ժամանակագրորեն ընդգրկում են շուրջ 500 տարի` առաջին թագավորից մինչև Երուսաղեմի ավերումը` Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի ձեռամբ Ք.ա. 587 թ.։ Այս չորս գրքերը սկզբնապես հին հրեական կանոնում ընդգրկված էին երկու գրքերի մեջ. Ա-ն և Բ-ն կոչվում էին «Սեֆեր Շամուիլ», այսինքն` Սամուելի գիրք, քանզի պատմում են Սամուել մարգարեի` Իսրայելի վերջին դատավորի` սույն գրքի հեղինակի և նրա իսկ կողմից թագավոր օծված Սավուղի ու Դավթի մասին։ Իսկ Գ-ն և Դ-ն կոչվել են «Սեֆեր Մելախիմ», որ թարգմանվում է «Թագավորների գիրք», քանզի գրքերում պատմվում է վերջին համահրեական թագավոր Սողոմոն Իմաստունի և Հուդայի ու Իսրայելի արքաների մասին։ Սույն գրքերի բաժանումը կատարվել է հունարեն Յոթանասնից թարգմանությունում։ Երրորդ և չորրորդ գրքերի հեղինակները Նաթան և Գադ մարգարեներն են։ Բոլոր չորս գրքերն էլ թեև բացարձակ ճշգրիտ տեղեկություններ են հայտնում այդ շրջանի մասին, այնուամենայնիվ, նախ և առաջ աստվածաբանական խորհրդածություն են Իսրայելի պատմական մի ժամանակահատվածի վերաբերյալ, երբ իշխում էին թագավորները։ Փաստորեն, իշխող թեման թագավորական իշխանությունն է։
Մինչ այդ երկիրը կառավարում էին դատավորները` Աստծո ընտրյալ անձինք, ովքեր ազատում էին ժողովրդին թշնամիներից ու կարգ ու կանոն հաստատում երկրում։ Սակայն իսրայելացիները Սամուել մարգարեին խնդրում են այլ ազգերի օրինակով իրենց վրա թագավոր կարգել։ Այս խնդրանքը չի արժանանում մարգարեի հավանությանը։ Բանն այն է, որ Իսրայելը թագավոր ունի, և այդ Տերն է։ Ըստ այդմ, ինչպես կարող էր մահկանացուն նմանվել Նրան։ Սակայն Աստված ասում է Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ։ Նրանք ոչ թե քեզ անարգեցին, այլ չուզեցին, որ Ես թագավորեմ իրենց վրա»։ Սամուելը ժողովրդին բացատրում է, թե ինչ իրավունքներ կունենա թագավորն իրենց վրա` բանակ կազմել, ժողովրդի որդիներին ու դուստրերին ծառայության վերցնել, հանդերի, այգիների բերքից և անասուններից ընտիրը հարկի տեսքով վերցնել, հարկադիր աշխատանքների մեջ ներգրավել և այլն։ Սակայն ժողովուրդը, չանսալով այս հորդորներին, պնդում է, որ իրենց համար, այդուհանդերձ, թագավոր կարգի։ Ի վերջո, Բարձրյալի թույլտվությամբ Իսրայելի առաջին թագավոր է օծվում Սավուղը, որը բարձրահասակ էր և ոչ մի մարմնական արատ չուներ։ Հարկ է նշել, որ եթե անգամ թագավորական իշխանության կայացման նախաձեռնությունը վերագրվում է ժողովրդին, թագավորական իշխանությունը ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ անհատի իշխանություն է, այլ անմիջականորեն ենթարկվում է երկնային իշխանությանը։ Սավուղը սկզբնապես ընթանում էր ըստ Աստծո պատվիրանների և բազում հաղթանակներ տարավ իր թշնամիների նկատմամբ։ Սակայն այն պահից, երբ ինքնավստահաբար և հպարտորեն դադարեց կատարել Աստծո կամքը, Աստծո Հոգին լքեց նրան, և նա դարձավ մռայլ ու դաժան և ի վերջո մերժվեց։
Իդեալական թագավորը Դավիթն է, ով պատանեկան հասակում սովորական հովիվ էր և մենամարտում պարսատիկով հաղթեց այլազգի հսկա Գողիաթին։ Դավիթը հնազանդ էր Աստծուն և միշտ Նրա կամքն էր փնտրում, անվախ էր, մեծահոգի ու չափազանց համեստ։ Նրա ապրելակերպը հիշեցնում է երջանիկ զինվորի կյանք։ Այս բարեպաշտ թագավորը բազում շնորհներ ուներ. նա սաղմոսներ և երաժշտական գործիքներ հորինեց, նա է իսրայելական ծեսի կազմակերպման երախտավորը։ Իսկ երբ մեղանչեց, անմիջապես անսաց Նաթան մարգարեի հանդիմանությանը և խորապես զղջաց, սակայն Սավուղի պես չպատժվեց հանձինս իր ժառանգների. ավելին` իմացավ, որ իր որդին զբաղեցնելու է իր գահը։ Նաթան մարգարեն հայտնեց նաև, որ Դավթի տունը հավիտենապես նստելու է Երուսաղեմի գահին, ինչպիսի սխալներ էլ որ թույլ տան։ Եվ իրոք, նրա ժառանգները մեղքեր գործեցին, իսկ նրա հիմնած միապետությունը վերացավ Ք.ա. 587 թվին, սակայն չմարեց հավատը Դավթի տանը շնորհված հավիտենականության նկատմամբ։ Հավատով սպասելու էին Դավթի որդուն, և նա Մեսիան էր` Քրիստոսը, Ով իրավամբ մարմնով սերում էր Դավիթ թագավորից և ուղիղ հազար տարի անց խաչվեց իբրև հրեաների թագավոր։
Երրորդ և չորրորդ թագավորությունների գրքում պատմվում է Սողոմոնի և միապետությունը երկու` Հուդայի և Իսրայելի թագավորությունների բաժանման և դրանց թագավորների մասին մինչև Երուսաղեմի անկումը։ Բոլոր այս թագավորների վրա թևածում է Սողոմոն Իմաստունի անձնավորությունը, ում մասին Սուրբ Գիրքը վկայում է. Սողոմոնը գնաց Գաբավոն, ուր վկայության խորանն էր գտնվում` զոհաբերություններ անելու։ Գիշերն Աստված հայտնվեց նրան և առաջարկեց խնդրել Իրենից ինչ-որ կամենա արքան, և Սողոմոնն ասաց. «Իմաստությո՛ւն տուր Քո ծառային, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել Քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը...»։ Եվ քանի որ այդ խնդրանքն աստվածահաճ էր, Տերն ասաց. «Քանի որ այդ բանը խնդրեցիր Ինձնից, խնդրեցիր ոչ թե կյանքի երկար օրեր, հարստություն կամ թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտություն` դատ անելու, ուստի քո ասածի համեմատ եմ վարվելու, քեզ տալիս եմ իմաստուն և հանճարեղ միտք, այնպես որ, ո՛չ քեզանից առաջ է քո նման եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։ Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր` հարստություն ու փառք» (Գ Թագ. 3.9,11-13)։ Եվ իրապես Սողոմոն արքան, ով իմաստության երեք գրքերի` Առակացի, Ժողովողի, Երգ երգոցի հեղինակն է, մեծ իմաստուն էր. «Տերը Սողոմոնին տվեց ընդունակություն, շատ խորը իմաստություն, ծովեզերքի չափ լայնախոհ սիրտ։ Սողոմոնի իմաստությունը շատ ավելի խորն է, քան բոլոր նախորդ մարդկանց և Եգիպտոսի իմաստունների հանճարը... Բոլոր կողմերից նրա իմաստության համբավը լսած երկրի թագավորների մոտից մարդիկ էին գալիս` լսելու Սողոմոնի իմաստությունը»։ Ահա մի փոքրիկ հատված Բ Թագավորությունների գրքից. «Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան և կանգնեցին արքայի առջև։ Կանանցից մեկն ասաց. «Լսի՛ր ինձ, տեր իմ։ Ես և այս կինը մի տան մեջ էինք։ Ես երեխա ունեցա այդ տանը։ Այնպես պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը։ Մեր երկուսից բացի, ոչ ոք չկար տանը։ Գիշերը սրա որդին մեռավ, որովհետև ինքն իր երեխայի վրա էր պառկել։ Սա գիշերվա կեսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես` քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցում։ Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսա, որ մեռած է։ Ցերեկը մի լավ դիտեցի նրան և տեսա, որ դա իմ ծնած երեխան չէ»։ Մյուս կինն ասաց. «Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանի է»։ Առաջին կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին ի՛մ որդին է, իսկ քո որդին մեռա՛ծն է»։ Այսպես վիճեցին արքայի առջև։ Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թե այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է, իսկ դու էլ ասում ես` ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է»։ Արքան ասաց. «Սուրն ինձ բերեք»։ Սուրը բերեցին թագավորի մոտ։ Արքան ասաց. «Կտրեցե՛ք։ Երկու կես արեք այս ծծկեր մանկանը։ Նրա մի կեսը տվեք սրան, և մյուս կեսը` նրան»։ Այն կինը, որի որդին կենդանի էր, ցավից գալարվեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տե՛ր, կենդանի մանկանը տվեք նրան, միայն թե մի՛ սպանեք մանկանը»։ Մյուս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը. մեջտեղից կիսեք նրան»։ Պատասխան տվեց արքան` ասելով. «Նրա՛ն տվեք կենդանի մանկանը, ով ասաց, թե` դրա՛ն տվեք, միայն մի՛ սպանեք երեխային։ Նա է դրա մայրը»։ Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճիռը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծո իմաստությունը կար»։
Սակայն Սողոմոնը ևս մեղանչեց. օրենքին հակառակ (տե՛ս Բ Օր. 17.17-20) նա մեծացրեց իր կանանոցը, որոնց մեջ շատ հեթանոս գեղեցկուհիներ կային, որոնք էլ դրդեցին ծերացող արքային մեհյաններ կառուցել, և ինքն էլ նրանց պես մեհյան մտավ։ Իբրև պատիժ` Աստված վերցրեց իր օրհնությունը. նրա դեմ ընդվզեցին։ Ժողովուրդը դժգոհեց։ Սողոմոնը զղջաց։ Աստված թեև ներեց նրան, սակայն մարգարեի միջոցով հայտնեց, որ միապետությունը կբաժանվի երկու մասի` Իսրայելի և Հուդայի։ Ընդ որում, նրա որդուն բաժին կհասնի փոքր մասը` Հուդայի երկիրը։
Երրորդ և չորրորդ թագավորություններում արծարծված թագավորական իշխանության հարցը հետևյալ նկարագիրն ունի. իսկական թագավորը նա է, ով «պահում է Տիրոջ հրամանները, գնում Նրա ճանապարհով, պահում Նրա պատվիրանները», ով իմաստությամբ և արդարությամբ է իշխում ժողովրդին։
Խոսելով մյուս թագավորների մասին` երրորդ և չորրորդ Թագավորությունների գրքում 43 անգամ կրկնվում է` «չարություն գործեց Աստծու առաջ»։ Աստծո հավատարմության և Երուսաղեմում պաշտամունք մատուցելու ջերմեռանդության փոխարեն թագավորները մեհյաններ էին կառուցում, անօրեն ու բռնի քաղաքականություն որդեգրում ժողովրդի հանդեպ, հատկապես հանդիմանվում են Իսրայելի թագավորության արքաները` իրենց գործած մեղքերի ու անօրենությունների համար։ Եվ բնավ զարմանալի չէ, որ Իսրայելի և Հուդայի կործանումը համարվում է թագավորների և նրանց դրդմամբ հպատակների գործած մեղքերի արդար ու անխուսափելի հետևանք։ Գրքում մեծ տեղ է հատկացվում Երուսաղեմին, Տաճարում մատուցվող պաշտամունքին, քահանայական ծիսակատարությանն ու մարգարեներին։ Այսպես, խոսելով Հովաս թագավորի մասին, որ «արդար գտնվեց Տիրոջ առաջ», նշվում է, որ վերջինիս դաստիարակում էր մի քահանա։ Հատկապես նշանակալից էր մարգարեների դերը։ Գիրքը պատմում է Սամուելի, Եղիայի և Եղիսեի, Նաթանի, Եսայիի և այլոց մասին։ Այս աստվածընտրյալ անձինք խոսում էին Տիրոջ անունից, ձգտում Իսրայելում հաստատել օրենքի և իրավունքի գերիշխանությունը։ Նրանք խոնարհ էին Աստծո առաջ, բայց և Տիրոջ հրամանով գահընկեց էին անում թագավորներին. հրաշքներ էին գործում և միջամտում քաղաքական կյանքին։
Ա ԵՎ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ ԳՐՔԵՐԸ
Երրորդ և չորրորդ Թագավորություններ գրքերին հաջորդում են Ա և Բ Մնացորդաց գրքերը, որոնք նույնպես առնված են եղել մեկ գրքի մեջ։ Այս գրքերը, որոնց հեղինակը համարվում է Եզրասը, Չորս թագավորություններ գրքերի լրացումն են։ Իրականում այստեղ հաճախ են կրկնվում այդ գրքերում ամփոփված տեղեկությունները և աստվածաբանական ու պատմական տեսանկյունից լրացվում։ Այստեղից էլ անվանումը` Մնացորդաց, այսինքն` մեկուսի մնացած։ Հունական անվան առաջացումը բացատրվում է հետևյալ կերպ. Յոթանասնից թարգմանության ժամանակ եբրայական Աստվածաշնչի այս գիրքը որոշակի խորագիր չուներ։ ՈՒստի և յոթանասուն թարգմանիչները, նրա մեջ Թագավորությունների գրքերի լրացումը և հավելումը տեսնելով, այդպես են խորագրում գիրքը։ Այն ներառում է բազում ծննդաբանական ցանկեր Ադամից մինչև բաբելոնյան գերություն։ Սուրբ Հերոնիմոսն այս գիրքն անվանել է «Բովանդակ աստվածային պատմության տեղեկատվություն»։
ՍՈՂՈՄՈՆԻ ՏԱՃԱՐ
«Տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակավոր» (Բ Մնաց. 22.5)։
Սողոմոնը գահին բազմեց իր քսան տարին հազիվ բոլորած` իր հայր Դավիթ արքայից ժառանգելով լայնածավալ մի պետություն, որի սահմանները տարածվում էին Եգիպտոսի գետից մինչև մեծ Եփրատ գետը։ Հին աշխարհի երեք մեծ տերությունները` Եգիպտոսը, Ասորեստանն ու Բաբելոնն ինքնամփոփ հեռվից դիտում էին մերձավորարևելյան այս նոր գերտերության կայացմանն ու հաջողություններին։ Սողոմոնի ժամանակաշրջանը խաղաղ ու երջանիկ էր. «Հուդայի երկրում ու Իսրայելում, Դանից մինչև Բերսաբե, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կյանք էին վարում, ուտում ու խմում» (Գ Թագ. 4.25)։ Սա Իսրայելի ոսկեդարն էր, որը նախ և առաջ նշանավորվեց Աստծո համար քարաշեն ու փառահեղ, իր տեսակի մեջ եզակի Տաճարի կառուցմամբ։ Եվ թեև Դավթին է վերագրվում այդ սրբարանի կառուցման մտահղացման երախտիքը, սակայն այդ շնորհին արժանացավ Սողոմոն Իմաստունը, քանզի Դավիթը զինվոր էր և շատ արյուն էր հեղել մարտի դաշտերում (Ա Մնաց. 8.22)։ Մինչ այդ Դավիթն արդեն ազատագրել էր հեբասացիներից Երուսաղեմը, և քաղաքի հինգ բլուրներից մեկի` Մորիայի վրա նախանշել սրբարանի կառուցման վայրը։ Աստված թեև մերժեց Դավթի մասնակցությունը, սակայն տվեց նրան ողջ շինության հատակագիծը և իրացման եղանակները, իսկ արքան սկսեց հարստություն և համապատասխան շինանյութ ամբարել. «Բազում քանակությամբ ոսկի, արծաթ, պղինձ, արույր, երկաթ ու փայտ» (Ա Մնաց. 28.2)։
Սրբավայրի շինարարությունը ծայր առավ Սողոմոնի գահակալության չորրորդ տարում` Ք.ա. մոտ 966 թվին (որը Եգիպտոսից ելքի 480-րդ տարին էր) և տևեց շուրջ 7,5 տարի։ Սողոմոնը հրավիրեց 153500 օտարերկրացի շինարարների (80000 քարհատ, 70000 բեռնակիր` քարերը հղկելու և անդրհորդանանյան լեռներից տեղափոխելու համար ու նաև մոտ 3500 գործակալ ղեկավարների)։ 30000 իսրայելցի (երեք հերթափոխով` 10000 մարդ` մեկ ամիս աշխատում էին, երկու ամիս հանգստանում, ուղարկվեց Լիբանան` հիմնականում խիստ արժեքավոր մայրու և գիհու փայտանյութ ներկրելու համար ( գերանները նախ ծովով, ապա ցամաքով էին հասցվում Երուսաղեմ)։ «Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ և Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ ու քար պատրաստեցին Աստծու տան շինության համար» (Գ Թագ. 5.17)։ Շինարարության ողջ ընթացքում, հավանաբար, սրբավայրի անդորրը չխախտելու համար, «Մուրճի կամ երկաթե որևէ գործիքի ձայն չլսվեց» (Գ Թագ. 6.7)։
Նախ հարթեցվեց Մորիա լեռան գագաթը, իսկ հրապարակը եզրերով շուրջանակի պարսպապատվեց։ Տաճարը կառուցվեց Վկայության խորանի ճիշտ օրինակով, միայն թե երկու անգամ ավելի մեծ, և, ըստ այդմ էլ պաշտամունքի նվիրական սպասքը, որի մի մասը համամասնորեն ավելի մեծ էր ըստ նոր կառուցվող Տաճարի ընդարձակության։
Բուն Տաճարը բաղկացած էր երեք մասից` սրահ, սրբարան և Սրբությունների սրբություն, երկարությունը` 27,4 մետր, լայնությունը` 9,1 և բարձրությունը` 13,7 մետր, և այնքան էլ մեծ չէր երբեք, սակայն, չմոռանալով, որ Տաճարը միայն շենքը չէ, այլև հարակից շուրջանակի գավիթները, որոնք բավական մեծ մակերես ունեին։ Ներսից Տաճարի մեծ մասը զբաղեցնում էր սրբարանը (18,3 քմ), ապա Սրբությունների սրբությունը, որը ճիշտ խորանարդ էր (9,1 քմ)։
Շինության ներսում քարե շարվածքը չէր երևում. պատերը դրվագված էին մայրու ոսկեպատ տախտակներով` վրան փորագրված ծաղիկներով, արմավենիներով և քերովբեներով։ Սողոմոնը «ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսպատեց ոսկու թիթեղներով» (Գ Թագ. 6.22)։ Ընդհանուր առմամբ, Տաճարի հարդարման համար օգտագործվեց «հարյուր հազար տաղանդ ոսկի (շուրջ 3000 տոննա), հազար անգամ հազար տաղանդ արծաթ (շուրջ 30000 տ), իսկ պղնձին և երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են» (Ա Մնաց. 22.14)։
Սրբարանն աղոտ լուսավորվում էր զօրուգիշեր վառվող աշտանակներով և նեղ ու բարձրադիր պատուհաններից թափանցող լույսի նշույլներով, իսկ Սրբությունների սրբությունում պատուհան չկար. այստեղ խորհրդավոր մթություն էր տիրում։ Եվ հենց այստեղ` Տաճարի սրտում էր պահվում ՈՒխտի տապանակը` մեջը Աստծուց Մովսեսին տրված քարե տախտակները (տասնաբանյան), որը գտնվում էր նոճու փայտից կերտված և ոսկեպատ երկու հինգմետրանոց թևատարած քերովբեների թևերի հատման ներքո (հրեշտակների մյուս թևերը հասնում էին հակոտնյա պատերին)։ Իսկ իրենք` քերովբեները, առաջ էին նայում, ինչը սրբության պաշտպանությունն էր խորհրդանշում։ Թեպետ Սրբությունների սրբության երկփեղկանի ոսկեպատ դռները միշտ բաց էին, բայց այս երկու դահլիճներն իրարից բաժանվում էին ոսկե շղթաներից կախված վարագույրներով, որոնք պատրաստված էին «կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից, որոնց վրա քերովբեներ էին հյուսված» (Բ Մնաց. 3.14)։
(շարունակելի)
Պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3323

Մեկնաբանություններ